30 Jun
Բարսելոնա 2-2 Ատլետիկո Մադրիդ

Երեկ՝ հունիսի 30-ին տեղի ունեցավ 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ Բարսելոնա-Ատլետիկո Մադրիդ։

Խաղն ստացվեց գոլառատ և աշխույժ։ Արդեն 11-րդ րոպեին Բարսելոնան ստացավ անկյունայինի խաղարկման հնարավորություն։ Լեո Մեսսիի փոխանցումից հետո Դիեգո Կոստան պատահմամբ ուղարկեց գնդակը սեփական դարպասը՝ իր հաշվին գրանցելով ինքնագոլ։ Սակայն չանցած րոպեներ Արտուրո Վիդալը խախտեց կանոնները տուգանային հրապարակում և Ատլետիկոն ստացավ 11 մետրանոցի իրավունք։ Գնդակին մոտեցավ Դիեգո Կոստան՝ շտկելու իր սխալը, սակայն չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը։ Բայց սա դեռ ամենը չէր։ Մրցավարին հուշեցին, որ դարպասապահը շուտ է դուրս եկել տեղից, և նա որոշեց վերախաղարկել 11 մետրանոցը։ Այս անգամ գնդակին մոտեցավ Սաուլը և հավասարեցրեց հաշիվը։ Առաջին խաղակեսը ավարտվեց հենց այսպես՝ 1-1։

Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին արդեն Բարսելոնան ստացավ 11 մետրանոցի իրավունք։ Տուգանայինների և 11 մետրանոցների հաստիքային իրացնող Լեո Մեսսին այս անգամ ևս չվրիպեց և առաջ մղեց Բարսելոնային` խփելով իր կարիերայի 700-րդ գնդակը։ Բայց այսպես երկար չմնաց հաշիվը։ 62-րդ րոպեին Ատլետիկոն նորից ստացավ 11 մետրանոցի իրավունք՝ թվով 3-րդը այս խաղում։ Սաուլը մոտեցավ գնդակին և ձևակերպեց այս խաղի վերջնական հաշիվը՝ իր հաշվին գրանցելով դուբլ։ 

Այսպիսով, Բարսելոնան հերթական ոչ ոքին է խաղում և գործնականում կորցնում է մրցաշարային աղյուսակում Մադրիդի Ռեալից առաջ անցնելու շանսերը։


Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING